Ներդրումային հնարավորություններ
Ծանոթացե՛ք մեր առաջարկած ներդրումային նախագծերին, ստացե՛ք խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն՝ ներդրումներ կատարելու համար։
Անշարժ գույքի դինամիկ շուկաների վրա ազդում են բազմաթիվ գործոններ, ինչպես կփաստի ցանկացած անշարժ գույքի գործակալություն։ Այդ գործոնների տատանումների արդյունքում առաջացող իրավիճակները ներդրողներին ստիպում են կիրառել տարբեր ռազմավարություններ՝ օգտվելով ներդրումային հնարավորությունների տարատեսակ տիպերից, որոնք են՝
1․ Բազային
2․ Բազային +
3. Արժեք ավելացնող
4․ Օպորտունիստիկ
Այս բլոգում խոսելու ենք անշարժ գույքի շուկայում ներդրման «Բազային» և «Բազային +» հնարավորությունների տիպերի մասին, ուսումնասիրելու ենք դրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները։ Բլոգի նպատակն է տեղեկացնել ներդրումային հնարավորությունների տիպերի մասին, համեմատել դրանք և թափանցիկորեն ցուցադրել յուրաքանչյուրի դրական կողմերը և պոտենցիալ ռիսկերը։
– Հասկանալով Բազային ներդումային հնարավորությունները
Բազային ներդրումների հիմնական տարբերակիչ հատկանիշը հնարավորինս կայուն եկամտի գեներացումն է։ Բազային անշարժ գույքը սովորաբար գտնվում է մեծ պահանջարկ ունեցող վայրերում (օրինակ՝ քաղաքի ամենակենտրոնում), մշտապես ունի երկարաժամկետ վարձակալներ և կանխատեսելի եկամուտ։ Ներդրումային մյուս հնարավորությունների համեմատ այսպիսի անշարժ գույքի առք ու վաճառք իրականացնելիս կենտրոնանում են ոչ թե եկամուտը առավելագույնին հասցնելու նպատակի վրա, այլ կապիտալը պահպանելու։
Բազային ներդրողները ստանում են տարեկան միջինում 7% եկամտաբերություն և օգտագործում են 40-50% փոխառու միջոցներ (leverage)։ Բազային գույքը, որը ձեռք է բերված մեծ լեվերիջով, այլևս բազային ներդրում չի կարող համարվել, քանի որ գույքի արժեքի փոքր տատանումը կարող է մեծ ազդեցություն ունենալ գույքի եկամտաբերության վրա։
– Բազային ներդրումային հնարավորությունների հիմնական յուրահատկությունները
1․ Առաջնակարգ տեղադիրք․ Բազային ներդրումային գույքերը սովորաբար գտնվում են քաղաքի ամենակենտրոնում կամ նմանատիպ բարձր պահանջարկ ունեցող այլ վայրում։ Այսպիսի անշարժ գույքի վաճառք իրականացնելու համար հաճախորդ գտնելը շատ ավելի հեշտ է։
2․ Բարձրորակ գույք․ Այսպիսի գույքը սովորաբար ունի ժամանակակից դիզայն, պատրաստված է բարձրակարգ նյութերով և առանձնանում է իր որակական հատկանիշներով ևս։
3․ Եկամուտների կայուն հոսք․ Բազային գույքի վարձակալական եկամտի հոսքը համեմատաբար շատ ավելի կայուն է մշտապես առկա պահանջարկի շնորհիվ։
4․ Երկարաժամկետ նպատակներ․ Բազային ներդրումային հնարավորությունները հատուկ են երկարաժամկետ ներդրումային նպատակներ ունեցող անձանց համար։ Այս մոտեցումը թույլ է տալիս դիմակայել շուկայի կարճաժամկետ տատանումներին և պահպանել ունեցվածքը։
– Հասկանալով Բազային Պլյուս ներդումային հնարավորությունները
Անշարժ գույքի շուկայի զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև դրանում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Քիչ ռիսկով և միջին եկամտաբերությամբ ներդրումային գույքն անվանում են Բազային Պլյուս։ Այսպիսի գույք են համարվում, օրինակ, քաղաքի կենտրոնին կամ մետրոյի կայարաններին մոտ գտնվող տարածքները։
Այսպիսի գույքի պահանջարկն ավելի ցածր է, քան բազայինը, սակայն փոքր բարելավումների շնորհիվ կարելի է հասնել ավելի բարձր եկամտաբերության՝ տարեկան 8-12, օգտագործելով 40-60% փոխառու միջոցներ (leverage)։ Բազային Պլյուս ներդրումային հնարավորությունները միավորում են Բազային գույքի՝ կայուն եկամուտ ապահովելու հատկանիշները և Արժեք Ավելացնող գույքի՝ բարելավումներով արժեքն ավելացնելու հատկանիշները։
– Բազային Պլյուս ներդրումային հնարավորությունների հիմնական յուրահատկությունները
1․ Կայունության և աճի համատեղում․ Բազային Պլյուս ներդրումները հնարավորություն են տալիս ունենալ միաժամանակ կայունություն և օգտվել գույքի արժեքի աճից։
2․ Գույքի ճիշտ ընտրություն․ Բազային Պլյուս գույք գտնելը պահանջում է ավելի լայն գիտելիքներ շուկայի վերաբերյալ՝ բարելավման պոտենցիալը տեսնելու և օգտագործելու համար։
3․ Ակտիվ կառավարում․ Այսպիսի ներդրումները ենթադրում են գույքի ավելի ակտիվ կառավարում, երբ սեփականատերը պետք է ձեռնարկի արժեք ավելացնող միջոցառումներ և օպտիմիզացնի գործառնական կառավարումը։
4․ Շուկայի դինամիկա․ Բազային պլյուս գույքում ներդրողները պետք է մշտապես հետևեն շուկայի վիճակին, առաջարկի և պահանջարկի դինամիկային և կայացնեն համապատասխան որոշումներ։
– Առավելություններն ու թերությունները
Ռիսկ
Ռիսկի տեսանկյունից ավելի նպատակահարմար է Բազային ներդրումը, քանի որ դրա պահանջարկն անգամ շուկայի խորը անկման պարագայում լինելու է բարձր։
Աշխատանք
Բազային Պլյուս գույքը պահանջում է ավելի մեծ աշխատանք ընտրության և կառավարման տեսանկյունից, ինչպես նաև փոքր ինչ ավելի խորը գիտելիքներ շուկայի վերաբերյալ, քանի Բազայինը։
Եկամտաբերություն
Ընդհանուր առմամբ վարձակալական և արժևորման եկամուտները կարող են ավելի բարձր լինել Բազային Պլյուս ներդրման դեպքում։
Կայունություն
Բազային ներդրումային հնարավորությունները տալիս են ավելի մեծ երաշխիքներ կապիտալի պահպանման և եկամուտների հոսքի համար։
– Դիվերսիֆիկացիա
Անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելիս կարևոր է հաշվի առնել սեփական նախընտրությունները, ռիսկի նկատմամբ հանդուրժողականությունը և գումարից բացի նաև աշխատանք ներդնելու պատրաստակամությունը։ Այս ամենից բացի կարևոր է նաև դիվերսիֆիկացիան՝ սեփական պորտֆելում բազմատեսակ ներդրումների առկայությունը, որոնցից որոշները կապահովեն կայունությամբ՝ ճգնաժամային իրավիճակներում, իսկ որոշները՝ բարձր եկամուտներով՝ շուկայի զարգացման ժամանակ։
Անշարժ գույքի շուկայում կան բազմաթիվ ներդրումային հնարավորություններ։ Այդ ներդրումային հնարավորությունները բաժանվում են խմբերի՝ իրենց յուրահատկություններով։ Անշարժ գույքի շուկայում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քաջատեղյակ լինել այս հնարավորությունների տիպերից և օգտագործել դրանք ձեր ներդրումային նպատակներին համապատասխան։
Մեր հատուկ բլոգում Դուք կգտնեք ամենահետաքրքիր, արդիական և կարևոր նյութերը անշարժ գույքի ոլորտից։ Մենք այստեղ խոսում ենք շուկայի նրբությունների, յուրահատկությունների ու միտումների մասին։