Ներդրումային հնարավորություններ
Ծանոթացե՛ք մեր առաջարկած ներդրումային նախագծերին, ստացե՛ք խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն՝ ներդրումներ կատարելու համար։
Բնակարան գնելու կամ վարձակալելու ժամանակ հարկի ընտրությունը կարող է մեծ դերակատարում ունենալ, քանի որ դա ազդում է արժեքի և հարմարավետության վրա։ Տարբեր երկրներ և հասարակարգեր ունեն իրենց նախընտրությունները, ինչն առավել հետաքրքիր է դարձնում այս թեման։
Հայաստանում, օրինակ, ամենաթերագնահատված հարկերն են առաջինը և վերջինը։
Իհարկե, դա ոչ միշտ է այդպես, բայց առաջին հարկից խուսափելու պատճառը կարող է լինել խոնավությունը, դրսից ներս տեսանելիությունը և, իհարկե, անվտանգության նկատառումները։ Առաջին հարկերն ամենահասանելին են, չնայած որ տարածված մոտեցում է ճաղավանդակների տեղադրումը պատուհաններին։ Հայաստանը համալրում է աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, սակայն վերոնշյալ խնդիրները մտահոգում են շատերին։
Վերջին հարկի դեպքում իրավիճակն այլ է։ Օրինակ, եթե տանիքի անմիջապես տակը բնակվելը Հայաստանում համարվում է ավելի շատ թերություն, ապա սա կարող է «կոմպենսացվել» գեղեցիկ տեսարանով։ Ամռան շոգ ամիսներին վերին հարկի բնակարանում տապի զգացողություն կարող է առաջանալ, սակայն գլխավերևում բնակարանի բացակայությունը դրական հատկանիշ է։
Հայաստանում առավել նախընտրելի են միջին հարկերը։ Օրինակ երկրորդ և երրորդ հարկերը առավել գնահատված են քարե շինություններում, այն տրամաբանությամբ, որ վերելակի բացակայության պարագայում մարդիկ ստիպված չեն լինի ոտքով երկրար բարձրանալ։ Եթե համեմատենք առաջին կամ վերջին հարկի հետ, ապա արժեքի մեջ տարբերությունը կարող է հասնել նույնիսկ մինչև 30%:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ տարատեսակ չափորոշիչներով և ալգորիթմներով շուկայական արժեքի գնահատման հաշվարկներում կախված հարկից կարող է նկատվել գործակիցների տարբերություն։ Այսինքն, օրինակ, եթե բնակարանի արժեքը որոշելիս մասնագետը որևէ թիվ բազմապատկում է 0.5 գործակցով վերջին հարկի դեպքում, ապա երկրորդ հարկի դեպքում գործակիցը կարող է դառնալ 0.6։
Առաջին հարկը կարող է գնահատվել հակառակ տրամաբանությամբ՝ կախված տեղադիրքից։ Եթե, օրինակ, շենքը գտնվում է քաղաքի կենտրոնական կամ մարդաշատ հատվածներում, այն հետաքրքիր է կոմերցիոն տեսանկյունից, և առաջին հարկը կարող է գնահատվել շատ ավելի բարձր, քան երկրորդ և երրորդ հարկերը։
Միջազգային փորձն ուսումնասիրելիս մենք տարբեր հասարակարգերում տեսնում ենք տարբեր մոտեցումներ։
Օրինակ, Նյու-Յորքում, Դուբայում և Սինգապուրում բնակարանի գնահատման հիմնական չափանիշներից մեկը տեսարանն է․ որքան բարձր է հարկը և գեղեցիկ է տեսարանը, այնքան ավելի բարձր է բնակարանի արժեքը, այնինչ այն կարող է չհամարվել բնակարանի լավագույն հարկ Հայաստանում։ Այստեղ բացակայում է «տանիքի տակ» ապրելու միտքը։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բնակարանի հարկի ընտրությունը կախված է հիմնականում անվտանգության հետ։ Ցածրահարկ շենքերն ու տները նախընտրելի են այն համայնքներում, որտեղ երկրաշարժի ռիսկը մեծ է, բայց բարձրակարգ նորակառույցների վերջին հարկերը, որտեղ առկա է սեյսմակայունության բարձր մակարդակ, շատ ավելի պահանջված են։
Հնդկաստանում նախընտրում են ցածր հարկերը, քանի որ դրանք փողոցին ավելի հասանելի են։ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում բարձր հարկերն ավելի անվտանգ են՝ ելնելով հանցագործության բարձր ցուցանիշից։ Հարավային Կորեան նույնպես աչքի է ընկնում բարձր հարկերի նախընտրությամբ, բայց այն նպատակով, որ օդը լինի մաքուր։ Ավստրալիայում բարձր հարկի ընտրության պատճառները մրջյուններից և տարբեր միջատներից հեռու մնալն է։
Կատարելով հարկերի ընտրություն անշարժ գույքում փորձեք հասկանալ ձեր առաջնահերթությունները, լինի դա հարմարավետությունը, հանգստությունը, թե, օրինակ, լիկվիդայնությունը։ Հաշվի առեք շենքի առավելություններն ու թերությունները, տեղադիրքը, վերելակի առկայությունը։ Եվ մի բացառեք ոչինչ․ հաճախ հենց թերագնահատված հարկերը կարող են ամենամեծ ներդրումային պոտենցիալն ունենալ։
Մեր հատուկ բլոգում Դուք կգտնեք ամենահետաքրքիր, արդիական և կարևոր նյութերը անշարժ գույքի ոլորտից։ Մենք այստեղ խոսում ենք շուկայի նրբությունների, յուրահատկությունների ու միտումների մասին։